Այսօր` մայիսի 27-ի երեկոյան, ժամի 19:00-ին Երեւանում` «Մոսկվայի տանը» հայտնի բարդ, բանաստեղծ եւ արձակագիր Բուլատ Օկուջավայի ծննդյան 90-րդ տարեդարձին նվիրված հիշատակի երեկո կկազմերպվի:
Միջոցառման շրջանակում մայրաքաղաքի թատրոններից հրավիրված երգիչներն ու դերասանները Օկուջավայի հայտնի երգերը կկատարեն, ինչպես նաեւ երկխոսության ձեւաչափով հանդիսատեսի հետ բարդի եւ նրա ստեղծագործական ժառանգության մասին մտքերը կկիսեն: Երեկոյի ընթացքում մասնավորապես հանդես կգան Երեւանի Կ. Ստանիսլավսկիի անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Վերոնիկա Սարոյանը, Երեւանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ եւ օպերայի երգչուհի Գալինա Վիշնեվսկայայի աշակերտուհի Ծովինար Ամիրյանը, դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, հեղինակային երգերի կատարող Ռուբեն Եղոյանը, դերասան եւ երգիչ Դավիթ Խաչատրյանը, բարդ Վախթանգ Հարությունյանը եւ Լիլիթ Սարգսյանը: Օկուջավայի երգերը կկատարեն նաեւ ԵՊՀ մշակութային կենտրոնի մենակատարները:
Միջոցառման շրջանակում հնչելու են Օկուջավայի այնպիսի հանրահայտ ստեղծագործություններ, ինչպիսիք են «Վրացական երգը», «Արբատի մասին երգը», «Վիսոցկիի հիշատակին» ստեղծագործությունը, «Ձերդ ազնվազարմությունը», «Աղոթքը», «Աշնանային անձրեւը», ինչպես նաեւ պատերազմական եւ այլ երգեր: Համերգի ավարտին մասնակիցները «Մաղթանքներ ընկերներիս» ստեղծագործությունը կկատարեն:
Երեկոն Մոսկվայի կառավարության եւ արտաքին տնտեսական ու միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ֆինանսավորմամբ է կազմակերպվել: Միջոցառման մուտքն ազատ է: Տեղեկությունների համար զանգահարել 510-220 հեռախոսահամարով:





























