Լուգանսկի ժողովրդական հանրապետության աշխարհազորայինները ԴԺՀ-ի ջոկատներին օգնության են մեկնել: Այս մասին ԼԺՀ-ի ղեկավար Վալերի Բոլոտովն է հայտարարել:
«Դոնեցկի եւ Սլավյանսկի ուղղությամբ ջոկատներ ենք ուղարկել: Ոչ միայն սպառազինությամբ ենք օգնում, այլ նաեւ` մարդկանցով: Մեր խմբերն արդեն ճանապարհին են», - ՌԻԱ-Նովոստի գործակալության վկայակոչմամբ, հայտարարել է Բոլոտովը:
Նրա խոսքով, Լուգանսկի տարածաշրջանում համեմատական խաղաղություն է հաստատվել:
Հիշեցնենք` նախօրեին ուկրաինական ուժայինները Դոնեցկի օդանավակայանի` աշխարհազորայիններից ազատմանն ուղղված գործողություններ են սկսել: Վերջիններիս ուղղությամբ ավիացիոն հարված է հասցվել: Ուժայինները պնդում են, որ աշխարհազորայինները մեծաթիվ կորուստներ են կրել` առնվազն 200 մարդ է մահացել: Ի պատասխան, Դոնեցկի քաղաքապետ Ալեքսանդր Լուկյանչենկոն հայտարարել է, որ ուժային գործողությունը 40 մարդու մահվան պատճառ է դարձել, որից երկուսը խաղաղ բնակիչներ են եղել: ԴԺՀ-ի կառավարության ղեկավարն, իր հերթին, նշել է, որ վերջին ընդհարումների ժամանակ շուրջ 100 մարդ է մահացել, կեսը` աշխարհազորայիններ:





























