Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցիի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Ուկրաինայի հարավ-արեւելքում իրականացվող ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը:

«Փոխադարձ ցավակցություններ են հնչել Ուկրաինայում իտալացի լրագրող Անդրեա Պորկելլիի եւ նրա ուղեկցի` Ռուսաստանի քաղաքացի Անդրեյ Միրոնովի մահվան կապակցությամբ: Վլադիմիր Պուտինը նաեւ Կիեւի` ռեգիոնների ներկայացուցիչների հետ խաղաղ երկխոսություն ծավալելու անհրաժեշտության մասին է խոսել», - ասվում է Կրեմի հրապարակած հաղորդագրության տեքստում:

Մինչ այդ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ բանակի` սեփական երկրի բնակչության դեմ օգտագործման պրակտիկայի դադարեցումը Կիեւի իշխանությունների համար կարեւոր փորձաքար է լինելու:

«Նախագահական ընտրությունների արդյունքների ֆոնին Կիեւի իշխանությունների առաջնային խնդիրն ու փորձաքարը բնակչության դեմ իրականացվող գործողություններում բանակի ներգրավվածության եւ ցանկացած տեսակի բռնության անհապաղ դադարեցման մեջ է կայանում», - Ինտերֆաքսի փոխանցմամբ, հայտարարել է նա` Մոսկվայում կազմակերպված մամուլի ասուլիսին:

«Ընտրությունները կայացել են, եւ մենք հարգում ենք Ուկրաինայի կամարտահայտման արդյունքները, բայց եւ բացարձակ անհրաժեշտություն ենք համարում Ժնեւում ձեռք բերված համաձայնությունների անհապաղ իրականացումը: Հարկավոր է վերջ դնել բոլոր տեսակի բռնություններին», - ընգծել է ռուսական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը: