Անաստաս Միկոյանի արձանի փոխարեն Երեւանում պետք է դնել մարտի 1-ի զոհերի հուշարձանը: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, Ազգային ժողովում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ նման հուշարձանն ավելի հասկանալի եւ սրտամոտ կլինի քաղաքացիների համար, հատկապես եթե հիշենք, որ 2008-ի մարտյան իրադարձությունների 10 մասնակիցները սպանվել են քաղաքի կենտրոնում, քաղաքապետարանից ոչ հեռու:
«Տպավորություն է ստեղծվում, որ նախընտրում են հուշարձաններ են դնել ոչ թե գնդակահարվածներին, այլ գնդակահարողներին: Ինչպիսին Միկոյանն է: Եթե դուք կասկածում եք, թե ով է նա՝ պատմական գործիչ թե դահիճ, հարցրեք պատմաբաններին»,-հայտարարել է նա:
Ի պատասխան Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հայտարարել է, որ Երեւանում արձաններ տեղադրելու որոշումը կայացնում է ավագանու խորհուրդը: «Խորհուրդը նախաձեռնություն է ստացել Երեւանում Միկոյանի արձանը տեղադրելու մասին եւ տվել իր համաձայնությունը: Դրան այլ բան դժվար է ավելացնել»,-ասել է Արեյանը:





























