Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը բերանի կարերը քանդելուց հետո գտնվում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի բուժկետում. Մի քանի օր է՝ ամբաստանյալը արյուն է հետ տալիս: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դավիթի պաշտպան Երեմ Սարգսյանը:
«Դավիթն իրեն շատ թույլ է զգում, արյուն է հետ տալիս, ինչ ուտում, փսխում է, աղիքները նորմալ չեն աշխատում: Հիմա բուժկետում է գտնվում, եղբայրն էլ մայիսի 27-ին այցելել է նրան»,- ասաց նա:
Այս պահին դեռ հայտնի չէ՝ արդյոք ամբաստանյալը կկարողանա մասնակցել մայիսի 30-ին կայանալիք դատական նիստին, թե ոչ:
Նշենք, որ Դավիթ Խաչատրյանը մայիսի 8-ից ուղիղ 17 օր կարել էր բերանը՝ այս կերպ իր բողոքն արտահայտելով մեղադրողի՝ 18 տարվա ազատազրկման պահանջին:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Քրեական գործ էր հարուցվել 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 112 հոդվածի 1-ին մասով:





























