Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «դեմ առ դեմ» քննարկել Ուկրաինայի իրադրությունը Նորմանդիայում հունիսի 6-ին կայանալիք գագաթաժողովի շրջանակւոմ։ Այս մասին Օլանդը հայտարարել է մայիսի 27-ի երեկոյան՝ ԵՄ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների ոչ պաշտոնական ընթրիքից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Ֆրանս Փրեսս»-ը։
Ավելի վաղ Պուտինը հայտնել էր, որ, հնարավոր է, երկկողմ հանդիպում ունենա Օլանդի հետ՝ երկկողմ հարաբերությունների եւ միջազգային օրակարգի հետ կապված հարցեր քննարկելու համար։ Ըստ Պուտինի՝ այս տարվա հունիսին Նորմանդիայում կայանալիք միջոցառման շրջանակում ինքը պատրաստ է շփվել իր գործընկերներից ցանկացածի հետ եւ «չի պատրաստվում փախչել որեւէ մեկից»։
«Այնտեղ ոչ ոքից չեմ պատրաստվում փախչել, կշփվեմ իմ ցանկացած գործընկերոջ հետ, այդ թվում նաեւ՝ Կանադայի վարչապետի», — ասել է նա։
Նորմանդիայում խորհրդային զորքերի մուտք գործելու հարյուրամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին իրենց մասնակցությունն են հաստատել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Հունիսին նախագահ Պուտինի հանդիպումը արտասահմանյան որոշ գործընկերների հետ կարող է առաջինը դառնալ՝ Ուկրաինայում իրադարձությունների պատճառով Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունները սրվելուց հետո։





























