Լարս ավտոճանապարհը դեռ փակ է: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե մայիսի 28-ի ժամը 10.00-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները վերսկսվել են:

Նշենք, որ մայիսի 27-ին, ժամը 14.43-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ Լարսում տեղի ունեցած փլվածքի հետեւանքով անհայտ կորածները եղել են 8-ը, որից 1-ի դին, ով հանդիսացել է Հարավային Օսեթիայի քաղաքացի, հայտնաբերել են տեղի հիվանդանոցներից մեկում, իսկ մնացած 7-ից 2-ինը հայտնաբերել են այսօր՝ անճանաչելի վիճակում: Կորածների մեջ են նաեւ ազգությամբ հայեր, ՌԴ քաղաքացիներ Կարպո Պողոսովը (ծնվ. 1957թ.) եւ Գեորգի Գեւորգովը, որոնց մասին տեղեկություն դեռեւս չկա:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ ժամը 09.20-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին, տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150 մ երկարություն, 60-70 մ լայնություն եւ 30-40 մ բարձրություն:

Վթարի արդյունքում վնասվել էր Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մտնող գազատար խողովակը: Մայիսի 18-ին, աղետի գոտուց անվտանգ տարածք էին տեղափոխվել Հայաստանի 11 քաղաքացի, որոնք չէին տուժել: