Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հայերին ուղղված հայտնի ուղերձի նպատակն է պայքարել աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքների դեմ:

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական Ակոս-ը, Ստամբուլից ընտրված անկախ պատգամավոր Իհսան Բարութչուն վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտնի ուղերձի հետ  կապված գրավոր հարցադրում էր ուղղել խորհդարան, որին պատասխանել է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:  

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, թե վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձը Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի ամբողջական ռազմավարություն էր:

 «Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարում աշխատելու ենք դիվանագիտականից մինչեւ իրավական, հասարակականից մինչեւ գիտական ոլորտներով եւ թուրքական սփյուռքի մասնակցությամբ: Վարչապետ Էրդողանի ապրիլի 23-ի ուղերձն այդ ամբողջական ռազմավարության մի մասն է»,-ասել է Դավութօղլուն:Նշենք, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ վարչապետը ապրիլի 24-ից առաջ ցավակցություն է հայտնել 1915-ի զոհվածներին, սակայն իր հայտարարության տեքստում կրկին չի հեռացել պաշտոնական ժխտողական թեզից։