Ուկրաինայի կառավարությունը հաստատել է Լեհաստանի եւ Լիտվայի հետ համատեղ ռազմական բրիգադ ստեղծելու համաձայնագրի նախագիծը, ասված է պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
Նախատեսվում է համաձայնագիրը ստորագրել ամսվա ընթացքում։ Բրիգադի ուկրաինական բաղադրիչը կգտնվի Լվովի խաղաղապահության եւ անվտանգության միջազգային կենտրոնի բազայում։
Կառավարության նիստից հետո Ուկրաինայի պաշտպանության նախարարի ժ/պ, գեներալ-գնդապետ Միխայիլ Կովալն ընդգծել է որոշման կարեւորությունը, քանի որ «երկու երկրների՝ Լեհաստանի եւ Լիտվայի ստորաբաժանումները, որոնք կներառվեն բրիգադում, ՆԱՏՕ-ից են»։
«Մենք կպատրաստենք մեր բաղադրիչը, որպեսզի իմանանք ՆԱՏՕ-ի ձեւաչափերը. մենք նրանցից սովորելու բան ունենք», - ասել է Կովալը:
Համատեղ բրիգադ ստեղծելու գաղափարը ծնվել էր 2000-ականների սկզբին, սակայն գործնական փուլին անցել էին 2007 թ., նշում է «ԼիգաԲիզնեսինֆորմը»: Ենթադրվում է, որ համատեղ բրիգադը ամբողջ աշխարհում կզբաղվի խաղաղապահ գործունեությամբ:





























