Կիեւի կողմից` Ուկրաինայի հարավ-արեւելքում իրականացվող գործողությունների նպատակներից մեկը աշխարհազորայինների ղեկավարների վնասազերծումն է: Deutsche Welle-ի ռուսական ծառայության հաղորդմամբ, նախագահական ընտրությունների հաղթանակող թեկնածու Պյոտր Պորոշենկոն այս մասին Bild պարբերականին տված հարցազրույցի ընթացքում է ասել:

«Մենք ցանկանում ենք բռնել նրանց եւ դատարանի ձեռքը հանձնել», - ասել է Ուկրաինայի հավանական նախագահը:

Պորոշենկոյի խոսքով, «գործողությունները, վերջապես, ինչպես հարկն է, սկսվել են»:

Ինչպես իր հերթին ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության Գերագույն խորհրդիկ նախագահության ղեկավար Դենիս Պուշիլինն է հայտնել, Դոնեցկում իրականացվող ուժային գործողության` մայիսի 26-ին մեկնարկած ակտիվ փուլի  պատճառած զոհերի թիվը կարող է հարյուրի հասնել, որոնցից «մինչեւ 50-ը խաղաղ բնակիչներն են»: