Աբխազիայի խորհրդարանի` մայիսի 28-ին նշանակված արտակարգ նիստը չի կայացել` բազմաթիվ պատգամավորների բացակայության պատճառով: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ներկայացած խորհրդարանականների մեծ մասը ընդդիմության ներկայացուցիչներ են եղել:

Այդուհանդերձ, պատգամավորները որոշել են ժողովրդին ուղղված հայտարարությամբ հանդես գալ: Փաստաթղթի տեքստը ներկայումս պատրաստման ընթացքի մեջ է:

Հիշեցնենք` խորհրդարանի արտակարգ նիստի ընթացքում հանրապետությունում ստեղծված իրադրությունը եւ ճգնաժամից դուրս գալու ուղիներ պետք է քննարկվեին:

Մայիսի 27-ին Սուխումիի կենտրոնում ընդդինության բազմահազարանոց հանրահավաք էր կազմակերպվել: Բողոքի ակցիայի մասնակիցները կառավարության, գլխավոր դատախազի եւ հանրապետության արեւելյան շրջանների ղեկավարների հրաժարականն էին պահանջում: Նախագահի եւ ընդդիմության առաջնորդների միջեւ անհաջող ավարտ ունեցած բանակցություններից հետո հակակառավարական ակցիայի առաջնորդներից մեկը` Ռաուլ Հաջիբան հայտարարել էր, թե ընդդիմադիր կուսակցությունների եւ կազմակերպությունների համակարգման խորհուրդը ժամանակավորապես իր վրա է վերցնում երկրի կառավարման պարտականությունը եւ այսուհետ Աբխազիայի համար անհրաժեշտ կառույցների ձեւավորմամբ է զբաղվելու:

Հանրապետության նախագահ Ալեքսանդր Անկվաբը ընդդիմության գործողությունները իշխանության ուժային զավթման փորձ է որակել: