Իշխանությունները 20 տարվա ընթացքում կարող էին ստեղծել մի մեխանիզմ, որ այսօր մենք ամեն օր սահմանին զոհեր չունենայինք։ Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում անկախ պետականության տոնի առթիվ հրավիրված  ասուլիսին ասաց Նախախորհրդանի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը։

«Գլխավոր պատճառը, ես կասեի, ղեկավարության մեջ է։ Մենք այսօր ունենք այնպիսի մի վերնախավ, որտեղ մարդկային խիղճը բացակայում է ամբողջությամբ, այդ մարդիկ ոչ միայն հայկականությունից են հեռու, այլ ընդհանրապես մարդկայնություն հասկացությունից։ Ես համոզված եմ, որ այսօրվա ռազմաքաղաքական ղեկավարության վեճը չի մերօրյա զոհերը, եթե նրանք խիղճ ունենային, խղճի նշույլ ունենային, ապա այս 20 տարիների ընթացքում կստեղծեին մի մեխանիզմ, որ սահմանին զոհեր չլինեին»,-ասաց Ժիրայր Սեֆիլյանը։

Նա իշխանությունների փոխարեն ցակավակցեց եւ ներողություն խնդրեց վերջին շրջանում սահմանին զոհվածների ծնողներից։

«Վերջին ամիսներին մենք շատ ենք լսում սահմանին ամենօրյա կորուստների մասին։ Զինադադարից քսան տարի է անցել, եթե սա տեղի ունենար հետզինադադարյան տարիներին, մենք կասեինք, որ ժամանակի ընթացքում կկարգավորվի, մենք կորդեգրեինք այնպիսի պաշտպանական եւ հսկողական մեխանիզմ, որի դեպքում կբացառվեն խաղաղ պայմաններում զոհերը, սակայն հակառակն է տեղի ունենում, ինչքան տարիները անցնում են, այնքան զոհերի թիվն ավելանում է։ Ես որպես Արցախյան ազատամարտի մասնակից ինչպես նաեւ բանակի ձեւավորման մասնակից, այս ռեժիմի փոխարեն ներողություն եմ խնդրում զոհվածների ծնողներից, որ մինչեւ հիմա մեզ չի հաջողվել ստեղծել մեր պատկերացրած հայկական բանակը»,-ասաց  Ժիրայր Սեֆիլյանը։

Նրա խոսքով՝անկախությունը ինքնանպատակ պիտի չլինի, այն միջոց է ավելի վեհ նպատակների համար, եւ իրենք չեն ստեղծել բանակ, որ խաղաղ պայմաններում ամեն օր զոհեր տան։