«Նախախորհրդարանի» քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի համոզմամբ՝ իշխանություններին չի հաջողվի Երեւանում տեղադրել հակահայկական գործունեությամբ հայտնի խորհրդային գործիչ Անաստաս Միկոյանի արձանը։
«Եթե նույնիսկ նրանք համարձակվեն մի գիշերվա ընթացքում նրան կենդանացնել, ես համոզված եմ, որ շատ շուտով այն տապալվելու է բոլորիս աչքի առաջ, մեր երտասարդությունը թույլ չի տա, որ այդ արձանը կանգուն մնա»,- այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Հանրապետության հրապարակում «Նախախորհրդարանի» հրավիրած մամուլի ասուլիսին ասաց Ժիրայր Սեֆիլյանը։
Նրա կարծիքով, այդ արձանի տեղադրումը հոգեբանական ճնշում է ժողովրդի վրա։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես է Հայաստանը մտնում Ռուսական կայսրության մեջ, եւ դրան զուգահեռ տեղի է ունենում բարոյահոգեբանական ճնշում մեր ժողովրդի նկատմամբ։ Ես նկատի ունեմ վերջերս առաջ քաշված Միկոյանի արձանի կանգնեցման խնդրին Երեւանում, այն դեպքում, երբ մենք բոլորս գիտենք, թե Միկոյանը ինչ անցյալ է ունեցել, ինչպիսի ցավ է պատճառել մեր ժողովրդին, ուստի տարիներ հետո փոխանակ դատապարտելու 30-ականների ճիվաղային կայսրության ներկայացուցիչներին, այսօր փորձում են այդ մարդկանց վերականգնելով՝ մեր արժանապատվությունը տրորեն»,-ասաց Ժիրայր Սեֆիլյանը։




























