Հայաստանը պետք է չանդամագրվի որեւէ միության, քանի որ պատմությունը ցույց է տալիս, որ Հայաստանն առանձին է հզոր։ Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Հանրապետության հրապարակում«Նախախորհրդարանի» հրավիրած ասուլիսին ասաց «Նախախորհրդարանի» քարտուղարության համակարգող , Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը։
«Չգիտես ինչու, միշտ գերիշխում է այն կարծիքը, որ մենք պետք է լինենք որեւէ հզոր պետության փեշերի ներքո, որ լինենք պաշտպանված։ Սակայն դա կոպիտ սխալ է, բոլորս պետք է գիտակցենք, որ հայերս երբ եղել ենք մենակ, այդ ժամանակ է, որ հասել ենք հաջողության։ Սարդապատյան ճակատամարտը եւ արցախյան ազատամարտը դրա ապացույցն են»,- ասաց Սեֆիլյանը։
Նրա կարծիքով՝ այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ մեծ է երկիրը կորցնելու վտանգը։
«Սեպտեմբերի երեքից հետո, երբ գործող ռեժիմը արագ քայլերով սկսեց սլանալ ՄՄ, այսինքն՝ դեպի նորացված Խորհրդային Միություն, ես կարծում եմ, որ այսօրվանից մենք ամեն օր պիտի մայիսքսանության հոգեվիճակի մեջ լինենք, որպեսզի թույլ չտանք՝ կրկնվի պատմությունը։ Այն տարածքը, որն այսօր գտնվում է մեր հսկողության տակ, վտանգի տակ է, կուլ է գնում այլ հզոր պետության, եւ ես կուզեի, որ այս ամենը գիտակցեր համայն հայությունը»,-ասաց Ժիրայր Սեֆիլյանը։
Նրա խոսքով՝ իրենք ներկայացնում են երկրում այն միակ ուժը, որը չի սպասելու ընտրությունների միջոցով փոփոխություններին, այլ շուտով իրենք են «Հիմնադիր խորհրդարանի» միջոցով իրականացնելու այդ փոփոխությունները։





























