Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը Բերձորում մասնակցել է Հայաստանի «Ֆուլլեր տնաշինական կենտրոնի» արցախյան ծրագրի մեկնարկի միջոցառմանը:

ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արա Հարությունյանն իր խոսքում ողջունել է ծրագրի սկիզբն Արցախում՝ այն համարելով կարեւոր քայլ Բերձորի զարգացման ճանապարհին: Ա. Հարությունյանը նշել է, որ կենտրոնի կողմից տրամադրվող միջոցները, որպես երկարաժամկետ եւ անտոկոս փոխառություն, լավ հնարավորություններ են ընձեռում տեղի բնակչությանը բնակարանային պայմանների բարելավման համար: Նա խոստացել է առավելագույն աջակցություն ցուցաբերել ծրագրի ռեսուրսների ընդլայման աշխատանքներին եւ հույս հայտնել, որ կարճ ժամանակահատվածում դրա աշխարհագրությունն ու ծավալները զգալիորեն կաճեն:

Մեկնարկը տրվել է «Ֆուլլեր տնաշինական կենտրոնի» 300-րդ եւ դրա արցախյան ծրագրի առաջին տան շինարարությամբ, որին, տանտերերի եւ հարեւանների հետ միասին, իր մասնակցությունն է բերել նաեւ վարչապետը: Ա. Հարությունյանի խոսքով՝ առանցքային նշանակություն ունի այն հանգամանքը, որ ծրագրի շրջանակներում կարեւորություն է տրվում կամավորական աշխատանքին՝ հատկապես համայնքային աջակցության տեսքով: