Իջեւանի զորամասերից մեկում մայիսի 10-ին մահացած ժամկետային զինծառայող Ներսես Կարապետյանի գործով օրերս հարցաքննվել են զինվորի մայրն ու ընկերները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ներսեսի մայրը՝ տիկին Սուսաննան:

«Երեկոյան ժամը 7-ի կողմերն էր, մի երիտասարդ եկավ՝ Դավիթ անունով եւ հարցաքննեց ինձ: Ես ասել եմ, որ իմ տղան ոչ մի խնդիր չի ունեցել, իր միակ խնդիրը բենզինն է եղել, նույնիսկ անուն եմ տվել, թե ում վրա եմ կասկածում, բայց ձերբակալված մարդ չկա դեռ: Իրենք էլ շատ լավ գիտեն, թե ով է արել դա: Բայց իրենք ասում են՝ սպասեք՝ մինչեւ փորձաքննության արդյունքները ստանանք, հետո կխոսենք ձերբակալության մասին: Մենք էլ սպասում ենք, ասել են՝ մոտ 30-40 օրից պատասխանները կլինեն»,- ասաց նա:

Տիկին Սուսաննայի խոսքով՝ քննիչը հարցաքննությունից հետո ասել է, թե մի քանի օրից նորից կայցելի իրենց, քանի որ «հնարավոր է՝ մի բան մոռացաք լինեք, կամ մի բան պակասեցնեք ձեր ցուցմունքներում». «Բայց ես ասել եմ այն, ինչ գիտեմ, իմ տղային բենզինի համար են սպանել, ինքն ուրիշ խնդիր չի ունեցել»:

Մահացած զինծառայողի հորաքույրը՝ Կարինե Կարապետյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ հարցաքննվել են նաեւ Ներսեսի ընկերները:

«Ներսեսի ընկերներին էլ են կանչել հարցաքննության, իրենք էլ են ասել, որ Ներսեսը միայն բենզինի հետ կապված խնդիր է ունեցել, իրենք առաջարկել են գումարն ուղարկել, սակայն Ներսեսը չի համաձայնվել՝ ասելով, թե ինքը կապ չունի դրա հետ»,- ավելացրեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 10-ին, ժամը 08:50-ի սահմաններում, հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները  խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ):