Ռուս-թուրքական հարաբերությունների խորացումը բխում է Ադրբեջանի ազգային շահերից։ Նման տեսակետ է հայտնել Ադրբեջանի «Ժաղովրդավարական բարեփոխումներ» կուսակցության նախագահ, Միլի Մեջլիսի պատգամավոր Ասիմ Մոլլազադեն: Հաղորդում է «Vesti.az»-ը:
«Որքան խորանան ռուս-թուրքական հարաբերությունները, այնքան ավելի կայուն կդառնա իրավիճակը Հարավային Կովկասում։ Բացի այդ, ռուս-թուրքական քաղաքական և տնտեսական գործընկերության խորացումը, անկասկած, իր դրական անդրադարձը կունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա։ Թուրքիան մեր եղբայրական պետությունն է, որն ամենուրեք պաշտպանում է Ադրբեջանի շահերը»,-ասել է ադրբեջանցի պատգամավորը։
Հիշեցնենք, որ այսօր աշխատանքային այցով Թուրքիա է ժամանում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, որի ընթացքում քննարկումների հիմնական թեման լինելու է էներգետիկ համագործակցությունը: Մասնավորապես, խոսք է գնալու «Հարավային հոսք» նախագծում Թուրքիայի մասնակցության, ինչպես նաեւ Թուրքիայում Ռուսաստանի կողմից ատոմակայան կառուցելու խնդրի մասին:



















