Տավուշի մարզի Իծաքար գյուղում մայիսի 12-ին կնոջը խեղդելով սպանած պայմանագրային զինծառայող 33-ամյա Մերուժան Հարությունյանի երեք անչափահաս երեխաներին խնամում են հայրական տատիկն ու պապիկը: Այս մասին NEWS.am-ին ասաց Իծաքարի գյուղապետ Արամ Դանիելյանը:

«Մերուժանին կալանավորել են, գտնվում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում, իսկ երեխաների խնամակալությունը հանձնվել է Մերուժանի ծնողներին, հիմա երեխաներն իրենց մոտ են ապրում, լավ են»,- ասաց գյուղապետը:

Նշենք, որ Մերուժանը մայիսի 15-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանության բաժանմունք եւ ինքնախոստովանական ցուցմունք տվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 12-ին վաղ առավոտյան Մերուժան Հարությունյանը խեղդամահ էր արել կնոջը՝ Հերմինե Չիլինգարյանին, որից անմիջապես հետո զանգահարել հորն ու ասել, թե «արի տես ինչ եմ արել»: Գյուղացիները մեզ պատմել էին, որ Մերուժանը կնոջը սպանել էր, երբ 3 անչափահաս երեխաները կողքի սենյակում քնած են եղել: Սպանության պատճառն ըստ գյուղացիների խանդն է եղել: