Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սահմանին տեղի ունեցող միջադեպերը չեն արտացոլում բանակի ներուժը: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
«Որքան էլ ցավալի է արձանագրել, բայց սահմանին ներկա լարվածության մեջ նորություն չկա: Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ լարում է իրավիճակը՝ հետապնդելով երկու նպատակ. Մի կողմից ցույց տալ, որ համաձայն չէ ձեւավորված ստատուս քվոյի հետ, թեեւ հենց ինքն էլ արգելակում է բանակցային գործընթացը, մյուս կողմից ցանկանում է որոշակի լրջություն հաղորդել իր ռազմաշունչ հայտարարություններին:
Միջադեպերի եւ սպառազինություններ գնելու օգնությամբ, Բաքուն փորձում է ազդեցություն գործել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, միջազգային հանրության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա, ձգտելով հասնել միակողմանի զիջումների: Պարզ է, որ երկու նպատակներին էլ Ադրբեջանը չի հասնում, բայց այդ ֆոնին կողմերն ավելացնում են զոհերի թիվը»,-նշել է քաղաքագետը:
Միաժամանակ նա կարծում է, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների սպառնալիքը քիչ հավանական է: «Դրա համար ադրբեջանական կողմը պետք է լուրջ գերակշռություն ունենա, ինչն այսօր չկա: Չկան նաեւ նախադրյալներ, թե ինչու միջազգային հանրությունը պետք է համաձայնի այդ քայլերի հետ»,-ընդգծել է Մինասյանը:
Ըստ նրա՝ հայկական բանակի մարտունակության լավագույն գնահատականը արդեն երկու տասնամյակ պահպանվող հրադադարի ռեժիմն է: Մինասյանի խոսքով՝ եթե Ադրբեջանը համոզված լիներ, որ հաղթելու է, առանց միջազգային հանրության դիրքորոշումը հաշվի առնելու մարտական գործողություններ կսկսեր:
Խաղաղության պահպանումն ուժերի հավասարակշռության արդյունքն է: Ադրբեջանն օգտագործում է իր նավթագազային պաշարները եւ ավելացնում սպառազինության մրցավազքը: Սակայն Հայաստանն ունի այլընտրանքային մեթոդներ, այդ թվում նաեւ ՌԴ-ի հետ երկկողմ համագործակցությունը եւ ՀԱՊԿ շրջանակում համագործակցությունը: Վստահ եմ, որ Հայաստանի ԶՈՒ-ն եւ ԼՂՀ-ի պաշտպանության բանակը ամենամարտունակն են Հարավային Կովկասում», - ընդգծել է քաղաքագետը: Ըստ փորձագետի՝ առաջիկա տարիներին Ադրբեջանը կբախվի ռազմական բյուջեի լուրջ վտանգին:
Ինչ վերաբերում է շարունակվող միջադեպերի կապակցությամբ միջազգային հանրության արձագանքին, ապա ամենաարդյունավետ միջոցը կարող է դառնալ խաղաղապահների տեղակայումը: Փորձագետը հիշեցրել է, որ ոչ կողմերը, ոչ միջնորդները չեն ձգտում դրան, հաշվի առնելով, որ դա կարող է կողմերից մեկի ուժեղացման միջոց դառնալ: «Դա հեռավոր ապագայի գործ է: Միջադեպերի հետ կապված իրավիճակը կփոխվի, երբ Ադրբեջանը գիտակցի, որ հարցը չի լուծվի ուժի տեսանկյունից», - նշել է Սերգեյ Մինասյանը:




























