Աստանայի հանդիպման ընթացքում հայկական կողմը դժվար թե ինչ-որ լուրջ փաստաթուղթ ստորագրի: Մայիսի 29-ին կայացած մամուլի ասուլին այս տեսակետն է հայտնել քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Ինչպես արդեն հաղորդվել է, այսօր Ղազախստանի մայրաքաղաքում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստն է մեկնարկելու, որի ընթացքում Եվրասիական տնտեսական միության հիմնադրման մասին պայմանագրի ստորագրում է ակնկալվում: Հայկական պատվիրակությունը նիստին նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ կներկայանա:
Մեկնաբանելով առաջիկա նիստը, քաղաքագետը կարծիք է հայտնել, որ դժվար թե հայկական կողմն ինչ-որ լուրջ փաստաթուղթ ստորագրի: Սերգեյ Մինասյանի համոզմամբ, այնուամենայնիվ, Հայաստանի հետագա մասնակցության վերաբերյալ փաստաթուղթ կարող է ստորագրության դրվել: Միեւնույն ժամանակ, շատ հավանական է, որ մինչեւ կառուցի աշխատանքային մեկնարկը Հայաստանը հասցնի դրա լիիրավ անդամը դառնալ:
Անդրդադառնալով Հայաստանի անդամակցման ձգձգման պատճառների մասին հարցին, փորձագետը կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի թեման այդ շրջանակում ոչ առաջնային, եւ ոչ էլ երկրորդային նշանակություն ունի: Նա հիշեցրել է, որ ԼՂՀ-ն, չհանդիսանալով ճանաչված պետություն, այդ թվում` հենց Հայաստանի կողմից, չի կարող կազմակերպության անդամ դառնալ: Այդուհանդերձ, քաղաքագետն ընդգել է, որ, ընդհանուր ընկալմամբ, Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը մեկ տնտեսական տարածք են կազմում, եւ այդ առումով սահմանափակումներ չեն կարող լինել: Հայաստանի անդամակցման ձգձգման պատճառը փորձագետը Ռուսաստանից հավելյալ պրեֆերենցիաներ ստանալու ակնկալիքով Բելառուսի եւ Ղազախստանի կողմից իրականացվող մանիպուլյացիաների մեջ է տեսնում:




























