Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տանը նախորդ տարի հունիսի 2-ին հնչած կրակոցների եւ տեղի ունեցած սպանության գործն արդեն ընդունվել է վարույթ, այն քննելու է դատավոր Նապոլեոն Օհանյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտակ Բուդաղյանն իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 01.06.2013 թ. ժամը 22-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին եւ նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը ժամը 23-ի սահմաններում «ՎԱԶ 2106» մակնիշի 30 SU 994 պետհամարանիշի ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր հետ նախապես վերցված, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Սուրիկ Խաչատրյանի եւ նրա հարազատների հասցեին:
Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի այդ ժամանակվա մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչել էին կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել էր, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, որը ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, որը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը: Կրակոցները հնչել էին «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից:





























