Ադրբեջանի հանրապետության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ջատագովը մնալ, եւ Վաշինգտոնն այսուհետ էլ այդ ուղղությամբ նվիրումով է համագործակցելու Ադրբեջանի հետ:
Նշենք, որ ավելի վաղ հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման մասին հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանը:
«Մենք պետք է ամեն հնարավորը անենք` այդ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներն էլ իրենց խոսքը պետք է ասեն: Բոլորս միասին պետք է աշխատենք խաղաղ պայմանագիր ստորագրելու ուղղությամբ», - ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցին հայտարարել է Ռիչարդ Մորնինգսթարը:





























