Սլավյանսկում եւ Կրամատորսկում լայնամասշտաբ հակաահաբեկչական գործողություն է ընթանում՝ հրետանու եւ ավիացիայի կիրառմամբ: Այս մասին հայտնում է «ՕստրոՎ»-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները: Լուրը սոցցանցերում հաստատում են նաեւ ականատեսները:
«Սլավյանսկում եւ Կրամատորսկում լայնամասշտաբ հակաահաբեկչական գործողություն է ընթանում, ռմբակոծում օդից», - պատմել է գործակալության զրուցակիցը:
«Այո, տեղի է ունենում հակաահաբեկչական գործողություն: Քաղաքով սուրում են «շտապօգնությունները»: Իսկ գրոհայինները հատուկ մտնում են բնակելի թաղամասեր, կրակում ուկրաինական դիրքերի վրա եւ նախքան մերոնց պատասխան կրակը հեռանում այդ վայրերից», - պատմում է մյուս զրուցակիցը:
«Ստացվում է, որ մերոնք հարվածում են բնակելի թաղամասերին: Ի դեպ, իրական գրոհայինները հեռացել են քաղաքից, մնացել միայն մեր 20-ամյա հիմարները եւ հաստաքամակ 45-50 տարեկան բարի դեմքերով տղամարդիկ», - հավելում է նա:
Ավելի վաղ փոխանցվել էր, որ Սլավյանսկում պայթյուններ են եւ կրակում են:
«Սվոբոդնի Սլավյանսկը» Թվիթերում գրում է. «Ասում են, որ Չերեւկովկայից բաց չեն թողնում մարդկանց, կարծես թե ուղղաթիռներով եւ օդանավերով հարձակում է տեղի ունենում»:
«Երկաթուղու տարածքում լսվում են պայթյուններ եւ կրակահերթեր: Ասում են, որ զենքեր են տեղակայել 66-րդ եւ 70-րդ մանկապարտեզներում» , - հավելում է օգտատերը:





























