Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը թուրք գործընկերոջը՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին, քաղաքական գրոհ է: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Ըստ նրա՝ այս քայլով Սարգսյանը սահմանազատող գիծ քաշեց թուրքական ղեկավարության կեղծ հայտարարությունների եւ իրական մտադրությունների միջեւ:

«Թուրքիայի ապագա նախագահը, որ ամենայն հավանականությամբ կդառնա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պետք է պատասխան քայլ կատարի, որով եւ ցույց կտա՝ որքանով են անկեղծ իր ցավակցությունները եւ որքանով է Անկարան պատրաստ դեմ առ դեմ առերեսվելու պատմությանը», - նշել է փորձագետը:

Մելքոնյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ թուրքական իշխանությունները դժվար կացության մեջ են հայտնվել, քանի որ չնայած տեղեկատվական դաշտում տեղ գտած հիստերիային, մինչ այժմ  ոչ հետեւել են փորձագետների կառուցողական վերլուծություններին, ոչ էլ պաշտոնապես արձագանքել են:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ի նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը ցավակցություն է հայտնել 1915թ. ողբերգական իրադարձությունների զոհերի ընտանիքներին: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 27-ին, հանդես գալով Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովում, Թուրքիայի նախագահին հրավիրել է 1915թ. ապրիլի 24-ին այցելել Հայաստան: