Գազայի շրջափակված տարածք մուտք գործած միջազգային նավատորմի վրա իսրայելական զինուժի հարձակումը Իսրայելի անվտանգության պաշտպանությանն ուղղված քայլ էր՝ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Քաղաքական ու միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։ «Գազայի ծովային բլոկադան ճեղքելու ակցիան իմաստային առումով ընդամենը Իսրայելի ամրությունն ու համբերությունը փորձելուն ուղղված քայլ էր։ Ի վերջո, Իսրայելում իշխանության է եկել մի ուժ, որին հետաքրքրում է ոչ այնքան պաղեստինցիների իրավունքը, որքան Իսրայելին նույնպիսի իրավունքներից՝ ապրելու իրավունքից զրկելը։ Բնականաբար, Իսրայելը պետք է անի այն, ինչ պարտավոր է անել՝ սեփական անվտանգության մասին հոգալու շրջանակներում։ Եւ մի շարք մարդիկ ուղղորդված, միտումնավոր. փորձելով Իսրայելի ամրությունը, գնացին այդ քայլին։ Թե՜ պաշտոնական, թե՜ փորձագիտական շրջանակները կանխատեսում էին, որ այդպիսի դեպքերում ուժ կգործադրվի։ Սակայն այդ կանխատեսումները ուշադրության չարժանացան եւ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»,- ասել է փորձագետը:
 Ռ.Մեհրաբյանը չի կիսում կարծիքը, որ հումանիտար օգնություն տեղափողող նավատորմի վրա իսրայելական զինուժի հարձակումը ուղղված էր կոնկրետ Թուրքիայի դեմ։ «Իսրայելը կատարեց մի քայլ, որը բխում էր իր անվտանգության շահերից, անկախ նրանից, թե ի՞նչ դրոշի տակ էին հումանիտար օգնություն տեղափոխող նավերը»,- նշել է նա:
Հարցին, թե իրավական-քաղաքական ի՞նչ հետեւանքներ կունենա տեղի ունեցածը, փորձագետն արձագանքել  է. «Չպետք է մոռանալ, որ Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները այլեւս այն չեն, ինչ որ նախկինում էին, դրանք սրվելու միտումներ ունեն։ Դա Իսրայելի նախաձեռնությունը չէ, դա գալիս է Թուրքիայից, որը փորձում է իր Մերձավոր Արեւելքում դերակատարությունը վերականգնել»: Իսկ ինչպիսի՞ն կլինի միջազգային հանրության, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի արձագանքը տեղի ունեցածին, հարցին էլ Մեհրաբյանը արձագանքել է, թե կլինեն խաղաղության, հանդարտության կոչ անող հերթապահ հայտարարություններ։ «Կարծում եմ, որ Թուրքիան, թեկուզ եւ իր հեղինակության համար բավական բուռն արձագանք կցուցաբերի, հատկապես, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը այդպիսի բաներ շատ է սիրում։ Իրանում էլ նման ռեակցիա կառաջանա, իսկ Ռուսաստանը, չեմ կարծում, որ ինչ-որ արձագանք կցուցաբերի»:
Բոլոր դեպքերում, Մեհրաբյանի կարծիքով, մայիսի 31-ին տեղի ունեցած զինված բախումը կհանգեցնի Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների է՜լ ավելի վատթարացմանը։  
Հիշեցնենք, որ  մայիսի 31-ին իսրայելական զինվորականները գրոհով վերցրել են միջազգային նավատորմի նավերը, որոնք շրջափակված Գազայի հատված էին տեղափոխում հարյուրավոր իրավապաշտպանների եւ հազարավոր տոննա մարդասիրական բեռներ։  Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։