Ադրբեջանցի գործարարը, որի անունը չի հրապարակվում, գնել է աշխարհում ամենաթանկաժեք բջջային հեռախոսահամարը: Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, «գազանի թիվ» խորհրդանշող 055 666 66 66 հեռախոսահամարի համար բիզնեսմենը վճարել է 100 հազար մանաթ (մոտ 127 հազար դոլար): Լրատվամիջոցների ներկայացուցիչների այդ հեռախոսահամարին զանգահարելու փորձերն անհաջողությամբ են պսակվել: Թեեւ հեռախոսահամարը գործում է, բայց մշտապես զբաղված է:

Bakcell ընկերությունից հրաժարվել են մեկնաբանություն ներկայացնել սույն տեղեկատվության կապակցությամբ, նշելով, որ իրենք իրավասու չեն հրապարակել նման տեղեկատվություն:

Նշենք, որ 666 66 66 հեռախոսահամարը համարվում է ամենաթանկն աշխարհում: Ոչ շատ վաղ անցյալում «Katar Telecom»-ը նշված համարը վաճառել է 2,8 մլն դոլարով` սահմանելով համաշխարհային նոր ռեկորդ: