Դատախազությունը պետք է բանտարկյալների եւ իրավական տեսանկյունից խոցելի մարդկանց այլ խմբերի վստահությունը գրավի: Այս հայտարարությամբ մայիսի 29-ին խորհրդարանում հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն է հանդես եկել:
«Հայաստանում եւ ընտրությունների ժամանակ, եւ այլ բազմաթիվ իրադրություններում լինում են դեպքեր, երբ խախտումները բացահայտ են, բայց ապացուցել չի հաջողվում: Իրավապահ մարմիններին ի պատասխան միայն ձեռքերն են տրորում, թե` այս անգամ էլ չկարողացաք ապացուցել: Բայց ամեն անգամ իրենց մասին այդպիսի հպարտությամբ հիշեցնելիս լավ կլինի` մտածեն, թե ինչու են այնպես աշխատում, որ փաստերը լատենտային վիճակում` դժվար ապացուցելի մնան», - նշել է մարդու իրավունքների պաշտպանը:
Նա ընդգծել է, որ դատախազության խնդիրը այնպիսի վստահության մթնոլորտի ստեղծումն է, որտեղ խախտումների մասին ոչ միայն մարդու իրավունքների գրասենյակին եւ մամուլին են հայտնելու, այլ նաեւ` իրավապահ մարմիններին: Այդ նպատակին հասնելու համար գրասենյակը փորձում է դատախազությանը հնարավորության սահմաններում լիարժեք տեղեկություններ հաղորդել: «Դժվար աշխատանք է, բայց հուսով եմ` հաջողություն կբերի», - ամփոփել է Կարեն Անդրեասյանը:





























