Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել հարգել արդարության սկզբունքները եւ փոխել բացասական տենդենցները:
Հայտարարությունն ընդունվել է քաղաքացիական երեք ակտիվիստների նկատմամբ մայիսի 26-ին կայացված դատավճռի կապակցությամբ: Ավելի վաղ կայացվել էր NİDA շարժման եւ ընդդիմության ակտիվիստների դատավճիռը:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը ափսոսանք է հայտնել Անար Մամեդլիին, Բաշիր Սուլեյմանին եւ Էլնուր Մամեդովին բանտարկության կապակցությամբ:
Գերատեսչությունը կարծում է, որ անկախ դիտորդները, որոնք կարեւոր դեր ունեն ժողովրդավար հասարակության զարգացման գործում, պետք է հնարավորություն ունենան առանց վախի աշխատելու:
Համանման քննադատությամբ է հանդես եկել Իզաբել Սանտոսը, որը գլխավորում է ԵԱՀԿ խորհրդարանական ասամբլեայի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների կոմիտեն: «Ադրբեջանի կառավարությունը պարբերաբար հետապնդում է քաղաքացիական հասարակությանը, ինչն իր հերթական դրսեւորումն է գտել Անար Մամեդլիի ազատազրկմամբ: Իմ կարծիքով՝ նրա միակ հանցանքը կարող էր լինել ադրբեջանցի ընտրողների իրավունքների պաշտպանությունը: Նրա դատապարտումը խոսում է ԵԱՀԿ արժեքները ուրանալու մասին», - հայտարարել է Սանտոսը:
Անար Մամեդլին եւ Դիտարկման կենտրոնի նրա գործընկերները բազմաթիվ ընտրակեղծիքներ էին արձանագրել նախագահական ընտրությունների ընթացքում:
Սանտոսը հույս է հայտնել, որ հունիսին ԵԱՀԿ-ի նստաշրջանի ընթացքում այս հարցը կբարձրացվի եւ օրինական լուծում կգտնի:





























