Նիգերիայի նախագահ Գուդլաք Ջոնաթանը ավելի քան 200 դպրոցական աղջիկների առեւանգած «Բոկո Հարամ» իսլամիստական ծայրահեղական խմբավորման գրոհայինների դեմ լայնածավալ գործողություններ իրականացնելու մասին հրաման է ստորագրել:

«Հանուն մեր ժողովրդավարության, ազգային միասնության եւ քաղաքական կայունության` ահաբեկչության դեմ լայնածավալ պատերազմ մղելու վճռականությամբ լի եմ: Մեր հողի վրա գործող ահաբեկիչների վերջը տալու մասին հրաման եմ ստորագրել: Նիգերիացիների, հարեւանների եւ միջազգային հանրության օգնությամբ կազատենք մեր աղջիկներին եւ Նիգերիան զերծ կպահենք ահաբեկիչներից», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի վկայակոչմամբ, ասել է նախագահը` հեռուստատեսային ելույթի ժամանակ:

Նրա խոսքով, անվտանգույթան ուժերը «խնդիրը լուծելու նպատակին ընդառաջ ցանկացած` օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկելու թույլտվություն են ստացել»: «Հանցագործները կոչնչացվեն», - խոստացել է Գուդլաք Ջոնաթանը: