Նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր՝ մայիսի 29-ին, Երեւանի Վարդաշեն թաղամասի 9-րդ փողոցի 62բ շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի ունեցած հրդեհի մասին:
Նշենք, որ այսօր, ժամը 10.44-ին, Հայաստանի ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Վարդաշեն թաղամասի 9-րդ փողոցի 62բ շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ եւ ԱԻ արձագանքման խմբերը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 62բ շենքի 18-րդ բնակարանում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.17-ին, մարվել` 11.35-ին:
Ամբողջությամբ այրվել է թիվ 18 բնակարանի նախասրահը, հյուրասենյակը՝ գույքով, խոհանոցը` մասամբ եւ երկու ննջասենյակների դռները (ընդհանուր 35 քմ):
Հրշեջ-փրկարարները` անվտանգության նկատառումներից ելնելով, թիվ 16 բնակարանից (աստիճանավանդակներով) տարահանել են Լ. Ղ.-ին (հղի, ծնվ. 1989 թ., հոսպիտալացման կարիք չի առաջացել) եւ Յ. Ծ.-ին (ծնվ. 1943թ.), ում «1-03» ծառայության աշխատակիցները տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, հոսպիտալացվել է նաեւ սթրեսային վիճակում հայտնված բնակարանի բնակիչ Ա. Մ.-ն (վերջինս բնակարանում չի գտնվել):
Բժիշկները Յ.Ծ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ա.Մ.-ն ստանալով անհրաժեշտ բուժօգնություն դուրս է գրվել:





























