NEWS.am-ը նշանակալի կրճատումներով ներկայացնում է «Breitbart» ինտերնետ-պարբերականի ազգային անվտանգության հարցերով խմբագիր, ԱՄՆ Ծովային հետեւակազորի համալսարանի դասախոս Սեբաստիան Գորկիի հոդվածը:

Վերջին մի քանի օրերին, երկրի նոր նախագահի ընտրությունից ժամեր անց, Ուկրաինայում Կրեմլի հրահրմամբ գարնանը սկսված ճգնաժամի մեկնարկից ի վեր ամենածանր մարտերն են ընթանում: Զուգահեռաբար, Վրաստանից անջատված հանրապետություններից մեկում` Աբխազիայում «ամբոխը» նախագահի նստավայրն է գրոհում: Այս իրադարձությունները Վլադիմիր Պուտինի ռազմավարական պլանի հաջորդ փուլն են մատնանշում` վերականգնել Ռուսաստանի արեւելաեվրոպական եւ կովկասյան հեգեմոնիան:

Աբխազիան եւ Հարավային Օսիան արհեստականորեն` ուժի կիրառմամբ են ստեղծվել, երբ վրաց ժողովուրդը փորձում էր, Խորհրդային Միության 1990թ. փլուցմանը զուգընթաց, Մոսկվայից իր անկախությունը վերականգնել: Եվ չնայած ինքնահռչակ հանրապետությունների կարգավիճակը սառեցվել է իրավական անորոշության դաշտում, Ղրիմի միակցման հարցում Մոսկվայի հաջողությունը իրական սպառնալիք է ստեղծում առ այն, որ այդ երկու տարածաշրջանները եւս կարող են Ռուսաստանի լիիրավ վերահսկողության տակ հայտնվել: Ղրիմի կորստից հետո Արեւմուտքի համարժեք պատասխանի բացակայության պայմաններում երկու ինքնահռչակ հանրապետությունները եւս ուժի կիրառմամբ միակցելու համար լուրջ նախադրյալներ են ստեղծվում:

Ինչպես արդեն գրել ենք, Ռուսաստանը նոր մոտեցում է օգտագործում հակամարտությունում, որում ներգրավված են պատերազմի դասական տեսություններ եւ վերլուծական մոդելներ, որոնք մենք կիրառում ենք այսօր ազգային անվտանգության իսթեբլիշմենթում: Մենք գիտենք առավել վստահելի եւ բարձրաստիճան աղբյուրներից, ներառյալ ՆԱՏՕ-ի գերագույն գլխավոր հրամանատարը, որ Ռուսաստանը գաղտնի սպեցնազ է օգտագործում հարեւան երկրների տարածքներում, որպեսզի վախեցնի եւ փլուզի անկախ պետությունները, որոնք չեն ցանկանում տանել Կրեմլի գիծը:

Ի հավելումս ինտենսիվ քարոզչական հարձակումների եւ տարբեր ապատեղեկատվական եւ խափանարար արշավների, այդ գործողությունները, ամենայն հավանականությամբ, կհանգեցնեն հետագա «հուզումների», որոնք Մոսկվան կօգտագործի համայնքների ինքնորոշումը հաստատելու նպատակով, որոնք ցանկանում են ֆիզիկապես ինտեգրվել Ռուսաստանի Դաշնությանը, ինչպես նաեւ հաստատելու «անհրաժեշտությունը», որ ռուսական զորքերը պաշտպանել են տեղի ռուսներին էթնիկ խմբերից: