Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը թող իր խղճին մնա, մայիսի 29-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը: Մայիսի 27-ին հայկական կողմը որոշակի գործընթաց էր նախաձեռնել, երբ ՀՀ նախագահը Թուրքաիայի նախագահին կոչ էր արել 2015թ. ապրիլի 24-ին այցելել Հայաստան, հիշեցրել է Մանասարյանը: «Ես դրական եմ վերաբերվում մեր այս նախաձեռնությանը, եւ մենք պատասխան ենք ակնկալում», - հավելել է նա:
Նշենք, որ Ստամբուլի «Ակոս» հայկական թերթը հայտնել էր, որ Ստամբուլից անկախ պատգամավոր Իհսան Բարութչունի հարցմանը Դավութօղլուն պատասխանել է. «Մենք կաշխատենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ դիվանագիտական, իրավական եւ գիտական բնագավառներում՝ թուրքական սփռույքի մասնակցությամբ: Վարչապետի ուղերձը ընդհանուր ռազմավարության միայն մի մասն է»:
Հիշեցնենք, ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն էր հայտնել 1915թ. ողբերգական իրադարձությունների զոհերի ընտանիքներին, սակայն չէր նահանջել Ցեղասպանության ժխտման Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումից:





























