Եվրասիական միություն Հայաստանի մտնելու շուրջ տարաձայնությունները հայեցակարգային բնույթի չեն, մայիսի 29-ին լրագրողներին հայտնել է ՀՀ փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը:
Ի պատասխան հարցին՝ ինչ կարգավիճակ է ունենալու Ղարաբաղը ԵԱՏՄ-ում, փոխնախարարը պատասխանել է. «Ինչպես նշեցի, տարաձայնությունները տեխնիկական բնույթի են, հայեցակարգային չեն: Այլ մանրամասներ չեմ հայտնի: Կխնդրեմ եզրահանգումներն ինքներդ կատարեք», – հայտարարել է փոխնախարարը:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի այսօրվա հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին Մանասարյանը պատասխանել է. «Նազարբաեւը բազմաթիվ հայտարարություններ է արել: Վերջին անգամ նա հայտարարեց, որ հարցեր են մնացել: Մենք էլ մեր հերթին դիտարկում ենք դրանք ոչ հայեցակարգային հարթությունում»:
Նշենք, որ այսօր Աստանայում Նազարբաեւը հայտարարել էր. «Տհաճ թեմա կա: Ադրբեջանում մի ընկերոջ չգրգռելու մասին: Դուք այդպես անդամակցեցիք ԱՀԿ-ին, պետք է Եվրասիական միություն էլ մտնեք ՄԱԿ-ի ճանաչած սահմանների շրջանակում՝ նման պատճառաբանությամբ»:
Հիշեցնենք, Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Նուրսուլթան Նազարբաեւը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 29-ին ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը: Նիստին մասնակցել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որն առաջարկել է քննարկել մինչեւ հունիսի 15-ը Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդգծել է կարճ ժամանակում Հայաստանի հետ փաստաթուղթը ստորագրելու անհրաժեշտությունը:





























