Հայաստանի կառավարությունն այսօր՝ մայիսի 31-ին ներկայացրել է կառավարության թարմացված www.gov.am եւ նոր www.e-gov.am կայքերը:

Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ երկու նպատակ է եղել www.gov.am կայքի վերափոխման համար. առաջինը` ստանալ դինամիկ կայք եւ հաջորդը` առավելագույն թափանցիկություն: Մյուս թարմացումները, որ տեղի են ունեցել կայքում, դիզայնի փոփոխությունն է` նախկին հիմնական կարմիր գույնի փոխարեն կայքը ձեւավորված է ծիրանագույն գույնով, որը խորհրդանշում է հանրապետության դրոշի գույներից մեկը: Նոր կայքի առավելությունն այն է, որ գլխավոր էջում տեղադրված են փոփոխվող նկարներ, որոնք համապատասխանում են գլխավոր նորություններին: Կայքում նորամուծություն է նաեւ տեսանյութեր բաժինը, որտեղ ոչ բոլոր մամլո հաղորդագորություններին կից տեղադրված են տեսանյութեր:

Կառավարության աշխատակազմի ղեկավարը ընդգծել է, որ արդեն կայքը հնարավորություն ունի ցուցադրել «Հրապարակում» հաղորդաշարը, որը մինչ այդ տեղադրվում էր www.youtube.com-ում որոշակի կրճատումներով: Կայքն այսուհետ հնարավորություն կընձեռի բաժանորդագրված այցելուներին ստանալ նաեւ մյուս բաժինների թարմացումները:

Տեղեկատվական կենտրոն բաժնում տեղակայված է «Մամուլը մեր մասին» ենթաբաժինը, որտեղ հնարավոր է գտնել, թե ինչ է գրում օրվա մամուլը կառավարության մասին:

Դավիթ Սարգսյանը ներկայացրել է նաեւ www.e-gov.am կայքը, որտեղ փորձ է արվել մեկ կայքում ներկայացնել կառավարության էլեկտրոնային ծառությունները: www.e-gov.am կայքում տեղադրված է «Ինտերակտիվ բյուջե» ենթաբաժինը, որտեղ ներկայացված է բյուջեի ծախսերը: