3-ամյա Լիա Միսակյանը չի մահացել հիվանդության կայծակնային զարգացման հետեւանքով, թարախը չէր կարող կայծակնային առաջանալ: Այս մասին այսօր` մայիսի 29-ին,  Արաբկիր Քանաքեռ Զեյթուն շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, փորձագիտական եզրակացությունների ուսումնասիրման ժամանակ ասաց գործով փորձագետ, բժշկագիտական գիտությունների թեկնածու Գագիկ Հարությունյանը:

«Ինչպես կարող էր այդ հիվանդությունը կայծակնային լինել, եթե երեխան եղել է բժշկի հսկողության տակ: Լիայի հիվանդությունը խորանալով ունեցել է ծանրացում եւ հասել է իր վերջնակետին: Դրա մասին խոսք չի կարող լինել, քանի որ նրա մոտ եղել է թարախային թոքաբորբ եւ նշիկների բորբոքում»,- ասաց Գագիկ Հարությունյանը:

Նշենք, որ նախկին դատական նիստերին մեղադրվող կողմը՝ «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժները, առաջ էին քաշել այն վարկածը, թե երեխայի մոտ հիվանդության կայծակնային զարգացում է եղել եւ նա այդ պատճառով է մահացել:

Փորձագետի խոսքով` հիվանդանոցում Լիա Միսակյանի հիվանդության ախտորոշումը կատարվել է թերի. «Ճիշտ ախտորոշման ժամանակ պետք է նշանակվեր հակաբակտերիալ բուժում` անտիբիոտիկներով, ընդհանուր լաբորատոր անալիզներ, կրծքավանդակի ռենտգեն նկարահանում, հասկանալու համար՝ թոքաբորբ է, թե ոչ»:

Բժիշկը, ըստ փորձագետի, հաշվի առնելով  հիվանդի ընդունման ժամանակ անամեստիկ տվյալները ( ծնողների պատմածը հիվանդության զարգացման մասին) երեխայի վիճակը պետք է գնահատեր ծանր, եւ նրան հենց առաջին օրը տեղափոխեին վերակենդանացման բաժին:

«Հիվանդության պատմագրում նշված է, որ ծնողներն ասել են, որ երեխան 14 օր է, ինչ հիվանդ է, ունի հազ, 3 օր ջերմում է, փսխում, հրաժարվում է սննդից, եւ դիտվել են ցնցումներ, շրթունքի կապտություն: Ասեմ, որ հազը երբեք հենց այնպես չի լինում, համալսարանում ուսանողները սովորում են, որ հազը դա շնչառական համակարգի պահապան շունն է` դա ահազանգ է շնչառական համակարգի վատ վիճակի մասին: Ցնցումներն էլ հուշել են նյարդային համակարգի ախտահարման մասին: Շատ գրքերի մեջ էլ գրված է, որ շրթունքների կապտությունը թթվածնայի շնչառական համակարգի ախտահարման ժամանակ է լինում: Այս ամենը անգամ բժիշկներին պետք է հուշեր, որ երեխայի մոտ ծանր թոքաբորբ է: Ավելի նպատակահարմար կլիներ ,եթե տեղափոխեին  վերակենդանացման բաժանմունք»:

Փորձագետը նշեց, որ երեխայի վատ վիճակի մասին է խոսել նաեւ պատմագրում գրանցված շնչառության պարբերականությունը։

«Շնչառական ակտը պատմագրում նշված է 32-34, նորման  26-28 է: Այս դեպքում կարելի է ասել, որ երեխան չի շնչում, կոպիտ ասած՝ թոքերի պատերը վնասված են: Նրան պետք է նշանակվեին անտիբիոտիկներ»,- ասաց փորձագետը:

Դատախազ Դավիթ Կարապետյանի հարցին, թե արդյոք երեխան կփրկվեր, եթե համապատասխան բուժում կատարվեր, Գագիկ Հարությունյանը պատասխանեց. «Եթե համապատասխան բուժում լիներ, չենք կարող ասել, կլիներ մահվան ելք, թե չէ: Բայց բուժման պարագայում ապրելու շանսերը մեծանում են»:

Ամբաստանյալների պաշտպանները չհամաձայնեցին փորձագետի հետ եւ մեջբերելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափորոշիչները՝ ասացին, որ թոքաբորբի դեպքում շնչառական ակտը լինում է 40-42, իսկ ընդունման օրը շնչառությունը եղել է նորմալ:

Փորձագետն այդ դիտարկմանը ի պատասխան ասաց. «Դիակի քննության ժամանակ թոքում ոչ մի շնչող մակերես չի եղել: Անգամ եթե պատմագրում գրված լիներ 26, նման չշնչող թոքերում ի՞նչ նորմալ շնչառության մասին է խոսքը»:

Բժիշկը նաեւ «անհեթեթ» անվանեց հիվանդանոցի հերթապահող բուժքույր Լարիսա Վարդանյանի ցուցմունքում հայտնած այն տեղեկությունը, թե առաջին օրը չի կարողացել երեխայից արյուն վերցել, քանի որ նա ջերմել է, եւ արյան մակարդելիությունը բարձր է եղել:

«Նման խնդիր երբեւէ իմ պրակտիկայում չի ծագել, անհեթեթության աստիճանի են պատճառաբանությունները: Մարմնի վրա տարբեր հատվածներ կան, որտեղից այդ պարագայում կարող էր արյուն վերցնել: Արյունը շատ տեղեկություն է պարունակում եւ այդ հետազոտությունը շատ կարեւոր էր»,- ասաց նա:

Դատական նիստը հետաձգվեց, քանի որ պաշտպանական կողմը միջնորդեց, որպեսզի Գագիկ Հարությունյանը հաջորդ դատական նիստին ներկայացնի գրականության ցանկը, որոն օգտագործել փորձագիտական եզրակացության համար։

Հիշեցնենք, որ 2-ամյա Լիան «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել դեկտեմբերի 31-ին: Սկզբում, դեղամիջոցներ ընդունելուց հետո, փոքրիկն իրեն ավելի լավ էր զգացել, բայց մեկ օր անց նրա վիճակը վատացել է եւ աղջնակը մահացել է:

«Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներ Լիլիթին եւ Զարինեին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում՝ 2-6 տարի ժամկետով, իսկ որոշ պաշտոններ զբաղեցնելու կամ որ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: