Լրագրող Անի Գևորգյանն այսօր՝ մայիսի 29-ին, իր հաղորդման վրա հարուցված քրեական գործով հատուկ քննչական ծառայությունում առերեսվել է երեք ոստիկանների հետ, որոնք երեքն էլ պնդել են, որ ապօրինություն թույլ չեն տվել լրագրողի նկատմամբ: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Անի Գեւորգյանը:

«Երեքն էլ այն ոստիկաններն էին, որոնց հետ փետրվարի 12-ին ոստիկանության Կենտրոնի բաժնում նույն սենյակում էի, ովքեր ինձ խուզարկել էին: Նրանցից մեկը գողացել էր իմ տեսախցիկի հիշողության քարտը, ու հենց նշված երեք ոստիկանների ներկայությամբ էր Կենտրոնի բաժնի պետը ինձ հարվածել ու խլել հեռախոսս:  Այս ցուցմունքները լսելուց հետո ես հերթական անգամ համոզվեցի, որ ոչ ոստիկանությունը, ոչ ՀՔԾ-ն շահագրգռված չեն պատասխանատվության կանչել ապօրինություններ կատարած ոստիկաններին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Անի Գեւորգյանը:

Հաջորդ անգամ՝ մայիսի 31-ին, Անի Գեւորգյանը կառերեսվի ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետ Արտակ Պողոսյանի հետ, որը, լրագրողի խոսքով, ապտակել էր իրեն, ձեռքից վերցրել հեռախոսը։

Հիշեցնենք, որ Անի Գեւորգյանը ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել այն բանի վերաբերյալ, որ փետրվարի 12-ին Մաշտոցի պողոտայում ՀԱԿ ակտիվիստների իրազեկման  ակցիան լուսաբանելիս  ոստիկանության աշխատակիցները խոչընդոտել են իր մասնագիտական գործունեությունը, փորձել են խլել տեսախցիկը, բռնի ուժով բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ վերցրել ու չեն վերադարձրել տեսախցիկի հիշողության քարտն ու բռնություն են գործադրել իր նկատմամբ: Լրագրողի հաղորդման հիման վրա քրեական գործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 164-րդ և 309-րդ հոդվածների 2-րդ մասերի հատկանիշներով`պաշտոնական անձի կողմից լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը, բռնության գործադրմամբ պաշտոնական լիազորություններն անցնելը:  Քննչական գործողությանը՝ առերեսմանը, մասնակցելու համար մեկ շաբաթ առաջ Անի Գևորգյանին հրավիրել էին ՀՔԾ, սակայն թույլ չէին տվել մասնակցելու քննչական գործողություններին, քանի որ նա իր հետ լրագրողական տեխնիկա էր ունեցել: Այս անգամ ՀՔԾ կանչելիս քննիչը Անի Գեւորգյանին նախապես տեղեկացրել էր, որ իր հետ տեսախցիկ չբերի: