«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) սպասարկման որակի բարելավման շրջանակում հայտարարում է «Շարժական գրասենյակ» ծրագրի մեկնարկի մասին: Վաճառքի եւ սպասարկման գրասենյակին անհրաժեշտ սարքավորումներով համալրված ավտոմեքենան բաժանորդներին սպասարկելու համար կերթեւեկի Հայաստանի հեռավոր եւ սահմանամերձ շրջաններ:
Ծրագիրը մեկնարկում է Լոռվա եւ Արագածոտնի շրջաններում: Հետագայում ընկերությունը նախատեսում է ընդլայնել «գրասենյակ անիվների վրա» ծրագրի աշխարհագրությունը` գործարկելով այն հանրապետության մյուս շրջաններում: «Շարժական գրասենյակը» կտրամադրի ընկերության կողմից մատուցվող ծառայությունների լայն շրջանակ. բաժանորդները կարող են վճարել ամրակցված եւ բջջային հեռախոսակապի, ինչպես նաեւ ինտերնետ կապի ծառայությունների համար, վերալիցքավորել հաշիվը, ձեռք բերել SIM-քարտեր, հեռախոսներ, միանալ ընկերության կողմից առաջարկվող ծառայություններին, ստանալ հաշվի վերծանում եւ այլն:
«Կապի միասնական օպերատոր «ԱրմենՏել» ընկերությունը տրամադրում է կապի ծառայություններ ողջ հանրապետությունում, մշտապես բարձրացնելով դրանց հասանելիությունը եւ կատարելագործելով սպասարկման որակը: «Շարժական գրասենյակ» ծրագիրը թույլ կտա մեր բաժանորդներին ստանալ որակյալ եւ հարմարվետ ծառայություն իրենց բնակության վայրում առանց լրացուցիչ ծախսեր կատարելու»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Երեք ամիսների ընթացքում վաճառքի եւ սպասարկման շարժական գրասենյակը կայցելի Լոռվա եւ Արագածոտնի շրջանների հեռավոր վայրեր, իսկ բնակչությունը նախօրոք կտեղեկացվի իրենց գյուղում շարժական գրասենյակի աշխատանքային օրերի եւ ժամերի վերաբերյալ:




























