ԱՄՆ մի խումբ կոնգրեսմեններ Ֆրանսիային կոչ են արել հրաժարվել հեռանկարային «Միստրալ» դասի երկու ուղղաթիռակիրները Ռուսաստանին վաճառելուց։ Դրա փոխարեն օրենսդիրները ՆԱՏՕ-ին առաջարկում են գնել այդ նավերը կամ վարձակալել դրանք, ասվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին ուղղված կոնգրեսմենների նամակում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նամակը ստորագրած կոնգրեսմենների շարքում են Ներկայացուցիչների պալատի արտասահմանյան հարցերով հանձնաժողովի ղեկավար Էլիոթ Էնգելը, ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեայում ԱՄՆ պատվիրակության նախագահ Մայքլ Թերները, եվրոպական հարցերով ենթահանձնաժողովի ղեկավար Ուիլյամ Քիթինգը։
Վաշինգտոնը եւ եվրոպական մի քանի գործընկերներ Փարիզին կոչ են անում վերանայել Մոսկվային ռազմական տեխնիկա մատակարարելու պայմանագիրը՝ որպես պատասխան Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելուն եւ Ուկրաինայի գործերին միջամտելուն։
Ֆրանսիայի իշխանությունները հայտարարում են, որ Ռուսաստանին «Միստրալ» դեսանտային ուղղաթիռակիրներ վաճառելու հարցը կվճռվի հոկտեմբերին, երբ ֆրանսիացի նավաշինարարները պետք է Մոսկվային հանձնեն այդ կարգի առաջին նավը։





























