Իսրայելական զինուժերի կողմից Գազայի հատված հումանիտար օգնություն տեղափոխող նավերի վրա հարձակումից հետո Թուրքիայում տիրող հակաիսրայելական տրամադրությունները ստիպել են Իսրայելի ԱԳՆ-ին կոչ անելու իր երկրի քաղաքացիներին՝ չայցելել Թուրքիա, որին ի պատասխան միայն թուրքական Բոդրում հանգստավայրում իրենց հանգիստը նախընտրած 15 հազար իսրայելցի զբոսաշրջիկ չեղյալ են հայտարարել իրենց ամրագրումները։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Իսրայելի ԱԳՆ-ի հայտարարության մեջ բացի Թուրքիա չայցելելու զգուշացումից, խորհուրդ է տրվել ներկայումս Թուրքիայում գտնվող Իսրայելի քաղաքացիներին չհայտնվել բազմամարդ վայրերում։
Բացի այդ, իսրայելցի զբոսաշրջիկներին Թուրքիա բերող Brontes Travel ընկերության Բոդրում քաղաքի ներկայացուցիչը նշել է, որ Թուրքիա այցելել ցանկացող 15 հազար իսրայելցի անորոշ ժամանակով հետաձգել են իրենց ամրագրումները։
Նշենք, որ իսրայելական տարբեր լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իսրայելական զինուժի գործողությունների ընթացքում զոհվել է մինչեւ 19 մարդ։ Թուրքիան արագ արձագանքել է այս միջադեպին։ Թուրքիան ետ է կանչել Իսրայելում իր դեսպանին, չեղյալ հայտարարել Իսրայելի հետ համատեղ անցկացվելիք զորավարժությունները։




























