ԱՄՆ-ի դեսպանատունը կրկին քննադատել է Ադրբեջանի իշխանություններին: «Թուրանը» հայտնում է, որ դեսպանատունը հայտարարություն է ընդունել Ընտրությունների դիտարկման կենտրոնի  ղեկավար Անար Մամեդլիի, այդ ՀԿ-ի գործադիր տնօրեն Բաշիր Սուլեյմանլիի եւ գործընկեր կազմակերպության ղեկավար Էլնուր Մամեդովի կալանքի հետ կապված:

«Այդ կալանքները լուրջ խոչընդոտ են Ադրբեջանի ժողովրդավարական զարգացման համար: Լինելով Ադրբեջանի հիմնական գործընկերը՝ մենք հավատում ենք, որ երկրի ապագա կայունության եւ զարգացման ճիշտ քայլը կլինի բաց հասարակության համար հնարավորություններ ստեղծելը», - ասվում է ԱՄՆ դեսպանատան հայտարարությունում:

Մայիսի 27-ին Բաքվի դատարանը Անար Մամեդլիին դատապարտել էր 5,5 տարվա ազատազրկման, Բաշիր Սուլեյմանլիին՝ 3,5 տարվա, իսկ Էլնուր Մամեդովին ՝ նույն ժամկետին, բայց՝ պայմանական:

Իրականում նրանց դատապարտել են Ադրբեջանում նախագահական ընտրությունների խախտումները քննադատելու համար: