ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) եւ Ժակ Ֆորը (Ֆրանսիա) մայիսի 30-ին կայցելեն Ադրբեջան, հայտնում է «Ինտերֆաքս- Ադրբեջանը»՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները:
Միջնորդները երկրի բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումներ են նախատեսում մայիսի 31-ին: Սպասվում է, որ Բաքվում համանախագահները կհանդիպեն ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրգհալտերի հետ:
Հիշեցնենք, ԵԱՀԿ գործող նախագահի այցը Բաքու նշանակված է հունիսի 1-ին, ինչից հետո վերջինս կայցելի Երեւան եւ Թբիլիսի:
Ամենայն հավանականությամբ, ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների ժամանումը Բաքու կապված է երկրի ղեկավարությանը հանդիպելու եւ բանակցություններ անցկացնելու մտադրության հետ: Տարածաշրջան վերջին այցի ժամանակ միջնորդներին չէր հաջողվել դա անել. համանախագահների այցի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնել էին երկրից:





























