«Աջ սեկտորը» հերքում է Ղրիմի տարածքում որեւէ ահաբեկչություն նախապատրաստելու գործում իր մասնակցությունը, ինչի մասին մայիսի 30-ին հայտարարել էր ՌԴ ԱԴԾ-ն:

«Մենք քանիցս ենք հայտարարել, որ «Աջ սեկտորը»  գործում է ուկրաինական օրենսդրության սահմաններում: Լուրերը, թե մեզ մոտ չգրանցված զենք կա, Կրեմլի քարոզչության հերթական ցինիկ սուտն է: Կրեմլին ձեռնտու է  «Աջ սեկտորին» ծայրահեղականներ ներկայացնելը, թեեւ մենք մշտապես խաղաղ կազմակերպություն ենք եղել», - ասել է  «Աջ սեկտորի» պաշտոնական ներկայացուցիչ Արտյոմ Սկորոպադսկին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԴԾ-ն Ղրիմում ձերբակալել է չորս մարդու, որոնք իբր «Աջ սեկտոր» ազգայնական կազմակերպության անդամ են եւ ահաբեկչություններ էին նախաձեռնել Սիմֆերապոլում, Յալթայում եւ Սեւաստոպոլում: 

Ըստ ԱԴԾ-ի տեղեկության՝ ձերբակալվածները պայթյուններ էին կազմակերպել 2014 թ. մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը՝ Սիմֆերապոլում «Հավերժական կրակի» հուշահամալիրի եւ Լենինի արձանի մոտ: