Ռուսաստանում անցած տարվա հուլիսի 13-ին վթարի ենթարկված «ԿամԱԶ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի գործով դատաքննությանն այս պահին գրավոր ընթացակարգով հարցաքննվում են տուժածները, ինչին հայ վարորդի փաստաբանները դեմ չեն, սակայն նրանք չեն ցանկանում, որ ոստիկաններն ու ավտոբուսի հետեւից գնացող մեքենայի վարորդն էլ նույն ընթացակարգով հարցաքննվեն: Այս մասին այսօր` մայիսի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ Երանուհի Թումանյանցը:
«Գնում է դատաքննություն, որի ընթացքում հարցաքննվում են տուժածները, նրանք, ովքեր չեն կարողանում այժմ հարցաքննվել, հարցաքննվում են նրանք գրավոր ընթացակարգով, սակայն փաստաբանները չեն ցանկանում, որ գրավոր ընթացակարգով հարցաքննվեն ոստիկանները, ովքեր հայտնել էին, թե իբր դեպքից անմիջապես հետո Հրաչյան իրենց կեղծ փաստաթուղթ է ներկայացրել: Բացի դրանից` պետք է անձամբ հարցաքննվի այն վարորդը, որը եղել է ավտոբուսի հետեւից, նրանք անձամբ պետք է քննվեն, չհիմնվեն գրավոր ցուցմունքների վրա»,- ասաց նա:
Երանուհի Թումանյանցի խոսքով` դատաքննության ընթացքում որեւէ խախտում չի արձանագրվել, Հրաչյա Հարությունյանն ընդունել է իր մեղքը եւ պատրաստ է օգնել դատարանին` պարզելու իրականությունը:
«Առողջական վիճակը լավ է, դժգոհություններ չկան, ամիսը մեկ անգամ կատարվում է բժշկական ստուգում»,- ավելացրեց նա:
Հրաչյա Հարությունյանի դուստրը` Լիլիթ Հարությունյանը նույնպես ընդգծեց, որ հոր հետ ամեն ինչ նորմալ է, սակայն նրա հետ խոսել չեն կարողանում:
«Փաստաբանի հետ ենք միայն խոսում, հայրիկի հետ խոսել չենք կարողանում: Կարող ենք Մոսկվա մեկնել, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով չենք կարողանում: Հայրիկիս հետ ամեն ինչ նորմալ է, իսկ մեզ համար իհարկե դժվար է` առանց հայրիկի, սակայն ամեն ինչ մարդու համար է»,- նշեց Լիլիթը:
Թե երբ կկայացվի վճիռը, իրավապաշտպանն ու Հրաչյայի դուստրը չգիտեն, ամեն դեպքում ավելի քան մեկ տարի կտեւեն դատական նիստերը:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Մերձմոսկվայում Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը, որը լի է եղել մանրաքարով, բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի արդյունքում զոհվել է 18 մարդ: Ինքը Հարությունյանը հրաշքով էր ողջ մնացել:
Հարությունյանը լիովին խոստովանել էր իր մեղքը եւ համաձայնել, որ սխալ որոշում է կայացրել ու խախտել երթեւեկության կանոնները՝ փորձելով կանգնեցնել մեծ թափ հավաքած ավտոմեքենան, որի արգելակներն անսարք են եղել: Նրան մեղադրանքներ էին ներկայացվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով: Այժմ վարորդին սպասվում է մինչեւ յոթ տարի ազատազրկում՝ Ռուսաստանում վթարի համար դա առավելագույն ժամկետ է, եթե կա երկու եւ ավելի զոհ, իսկ մեղավորը վթարի պահին սթափ է եղել: Նախորդ դատական նիստին Հրաչյա Հարությունյանը ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, բայց հերքել է կեղծ փաստաթուղթ օգտագործելու մասին ներկայացված մեղադրանքը:




























