Լուիզիանայի Սենատի բանաձեւը Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ Խոջալուում, հայերի էթնիկ զտումների եւ սպանությունների կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելուն ուղղված քայլ է: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Լուիզիանայի Սենատի ընդունած բանաձեւը, որը դատապարտում է Ադրբեջանում հայերի ջարդերը:
«Պատասխանատվության ենթարկելու բոլոր նրանց, ովքեր առայսօր պատժված չեն եւ ազատ ապրում են Ադրբեջանում ու, հնարավոր է, նոր ոճրագործություններ են ծրագրում», - նշել է Տիգրան Բալայանը:
Լուիզիանայի Սենատը Ադրբեջանում հայերի ջարդերը դատապարտող բանաձեւ է ընդունել եւ ԱՄՆ-ի կառավարությանը կոչ արել Բաքվի վրա ազդել՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով: Սենատորները ցավակցություն էին հայտնել Ադրբեջանում հայերի հանդեպ իրականացված զանգվածային սպանությունների եւ վայրագությունների զոհերի ընտանիքներին: Օրենսդիրներն ԱՄՆ-ի նախագահին եւ Կոնգրեսին կոչ են անում ազդել Ադրբեջանի կառավարության վրա՝ պատմական փաստերը կեղծելը դադարեցնելու եւ մեղավորներին պատժելու համար:





























