Լոս-Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովի հարցազրույցը NEWS.am-ին.
Ձեր` անցյալ տարվա օգոստոս ամսին նշանակումից ի վեր լրատվամիջոցներին ոչ մի հարցազրույց չէիք տալիս. ինչո՞ւ:
Գիտե՞ք, որպես այլ ոլորտից դիվանագիտական ծառայության անցած մարդ, սովոր չեմ խոստումներ տալու եւ պլաններ հայտարարագրելու ավանդույթին: Դրանց փոխարեն խնդիրների քննարկումն ու արդյունքների մասին զեկուցումն եմ նախընտրում: Եվ հիմա, երբ պատասխանատու աշխատանքի նշանակման օրվանից բավական երկար ժամանակ` ավելի քան ինը ամիս է անցել, արդեն կարող եմ եւ պարտավոր եմ զեկույցով հանդես գալ:
Այդ դեպքում ասացեք` ի՞նչ հաջողություններ եք ունեցել այդ ինը ամիսների ընթացքում:
Դիվանագիտական եւ հասարակական ասպարեզում հանդես գալիս միայնակ ոչինչ չես կարող անել: Այո, ես հավատում եմ պատմության մեջ անձի ունեցած կարեւոր դերակատարման գաղափարին, բայց մեկ անգամ էլ կրկնեմ` լուրջ արդյունքները միայն մեծաթիվ մարդկանց եւ կազմակերպությունների տքնաջան ու համակարգված աշխատանքի պտուղ կարող են լինել: Իմ պարագայում գրանցված արդյունքները Գլխավոր հյուպատոսարանի` քալիֆորնիական սփյուռքում գործող ավանդական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ երիտասարդական շարժումների, եկեղեցու, ամերիկացի քաղաքական ու հասարակական գործիչների հետ պտղաբեր համագործակցության հետեւանքն են: Հաշվետու ժամանակաշրջանում մեզ հաջողվել է մի քանի չափազանց կարեւոր, չեմ վախենա ասել` բեկումնային քաղաքական իրադարձություններ կազմակերպել, այդ թվում`
- Քալիֆորնիայի խորհրդարանի պատվիրակության այցը Երեւան եւ Ղարաբաղ
- խորհրդարանի նախագահ Պերեսի այցը Երեւանում Արցախի ներկայացուցչություն եւ բանակցությունները նախագահ Բակո Սահակյանի հետ
- ամերիկյան քաղաքական իսթեբլիշմենթի 5-րդ մարդը համարվող` Կոնգրեսի արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոյսի` մեկ ամիս առաջ կազմակերպված համարժեք այցն ու հանդիպումները
Դե իսկ ամենակարեւոր` պատմական արդյունքը, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում է գրանցվել, իհարկե, Քալիֆորնիա նահանգի Ներկայացուցիչների պալատի կողմից խորհրդանշանական օրը` մայիսի 8-ին, Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն էր: Այդ իրադարձության կարեւորությունը դժվար է թերագնահատել: Բացի այդ, ապրիլի 24-ին Լոս-Անջելեսում կազմակերպված երթի տպավորիչ լուսանկարներն ենք տեսել. այնտեղ բազմաթիվ ամերիկյան քաղաքական գործիչներ, եկեղեցականներ կային. ներկա էիք նաեւ Դուք: Մի փոքր ավելի մանրամասն կպատմե՞ք:
Հայկական երիտասարդական շարժման նախաձեռնությամբ եւ այլ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ Գլխավոր հյուպատոսարանի աջակցությամբ ապրիլի 24-ին «Genocide – Never Again» կարգախոսի ներքո կազմակերպված` 25 հազար մասնակիցներով պատմական երթի կայացումն ապահովելու համար քաղաքի ամենագլխավոր փողոցը` Sunset Boulevard-ն ամբողջությամբ փակվել էր:
Կուզենայի՞ք ինչ-որ բան ավելացնել:
Այո, ես, որպես գլխավոր հյուպատոս, այս քաղաք եմ եկել ի շահ իմ պատմական հայրենիքի աշխատելու համար: Ճիշտ է` ինձ հաջողվել է նախ որպես գործարար կայանալ, բայց հիմա բոլորովին այլ աշխատանք եմ կատարում, եւ թե որքան լավ` արդյունքներից դատեք:





























