Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստն այսօր՝մայիսի 30-ին սկսվեց ընդհարումով։ Ակադեմիկոս, հասարակագետ Մկրտիչ Ներսիսյանի հիշատակին Երեւանում հուշատախտակ տեղադրելու հարցի քննարկման ժամանակ «Բարեւ Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը հայտարարեց.
«Ուզում եմ հասկանալ՝ ինչու են խորհրդային շրջանի բոլոր գործիչներին՝ նույնիսկ հասարակագետերին մեծարել: Խորհրդային Միության ժամանակ պատմությունն այլ կերպ էր մատուցվում, հիմա մենք դա էլ ե՞նք գնահատելու: Մենք նույն ձևով, առանց հասարակական դիմադրությանը նայելու շարունակում ենք խորհրդային շրջանի հասարակական մտքի կարկառուն ներկայացուցիչներին մեծարել»:
Ստյոպա Սաֆարյանի հայտարարությունից հետո Մարտին Վարդազարյանը հայտարարեց, որ Մկրտիչ Ներսիսյանի՝ Ցեղասպանության մասին գիրքը մեծ ճանաչում և տարածում է ունեցել, և հենց միայն դրա համար նա արժանի է ոչ միայն հուշատախտակի:
Ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանն էլ նկատեց. «Ստյոպիկին խորհուրդ եմ տալիս սեփական կենսագրության մասին մտածել»:
«Ավելի լավ է Լեւոնիկին խորհուրդ տաք»,- հակադարձեց Ստյոպա Սաֆարյանը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ավագանու անդամներից ոչ ոք, այնուամենայնիվ, դեմ չքվեարկեց՝ հավանություն տալով ակադեմիկոսի հուշատախտակը տեղադրելու մասին որոշմանը։




























