Գյումրիում մայիսի 28-ի երեկոյան ծննդաբերության ժամանակ մահացած 39-ամյա Կարինե Պապանյանի ենթադրյալ ախտորոշումն է 41-42 շաբաթական հղիություն, երրորդ աստիճանի ճարպակալում, ծննդաբերության առաջին շրջան, պտղաջրերի վաղ արտահոսք։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

Դեպքից անմիջապես հետո Գյումրի է մեկնել ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը մասնագետների խմբի` անեսթեզիոլոգի, ռեանիմատոլոգի եւ մանկաբարձ-գինեկոլոգի հետ:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են. «Խումբը մշտական հեռախոսակապի մեջ է եղել ՀՀ ԱՆ գլխավոր ռեանիմատոլոգ Անատոլի Գնունու հետ։ Տեղում ծանոթացել են բժշկական փաստաթղթերին, այդ թվում` ծննդաբերության պատմությանը, ինչպես նաեւ ձեռնարկված բժշկական միջոցառումներին։ Կինը եղել է ծննդաբերության առաջին շրջանում, առողջական ցուցանիշները` զարկերակային ճնշումը, անոթազարկը, շնչառությունը, եղել են նորմալ։ Հանկարծակի վիճակը կտրուկ վատացել է, արձանագրվել է գիտակցության կորուստ, շնչառության կանգ, անոթազարկի բացակայություն։ Ռեանիմատոլոգի կողմից ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումները, ցավոք, արդյունք չեն տվել եւ արձանագրվել է կենսաբանական մահ։ Ենթադրյալ ախտորուշումն է` 41-42 շաբաթական հղիություն, երրորդ աստիճանի ճարպակալում, ծննդաբերության առաջին շրջան, պտղաջրերի վաղ արտահոսք։ Մահվան հավանական պատճառն է հարպտղաջրային էմբոլիան։ Ուսումնասիրության արդյունքները կքննարկվեն ՀՀ ԱՆ ծննդօգնության խորհրդում։ Նախարարի կողմից ղեկավարվող խորհուրդն այսուհետեւ կքննարկի նաեւ բոլոր այն բարդությունները, որոնք կարող են հանգեցնել նման ելքի։

Նախարարը գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգին հանձնարել է հանրապետության կանանց կոնսուլտացիաներում հավանական բոլոր բարդությունների կանխարգելման համար միջոցառումներ ձեռնարկել։ Նշենք, որ այցի ընթացքում մայրաքաղաքից գործուղված մասնագետները բժշկական անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել նաեւ Ախուրյանի Մոր եւ մանկան առողջության կենտրոնում կեսարյան հատումից հետո ներքին արյունահոսությամբ ծննդկանին։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ կնոջ վիճակը կայունացել է, նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն»։