Առանց գովազդի Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությունը բյուջեից 1,5-2 անգամ ավելի ֆինանսավորման կարիք կունենա, մայիսի 30-ին լրագրողներին ասել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը:
«Առաջիկա 2-3 շաբաթում մենք կներկայացնենք հարցի վերջնական տեսլականը: Բայց անցած ժամանակահատվածում մեր աշխատանքի փոփոխությունները ցույց են տալիս, որ եթե մեզ ընդառաջ գան, դա իզուր չի լինի: Հեռուստադիտողներն արդեն հասցրել են գնահատել, թե որքան հաճելի է առանց գովազդի ֆիլմեր եւ հեռուստահաղորդումներ դիտելը», - ընդգծել է Ջաղինյանը:
Նշենք, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության 2013թ. բյուջեն կազմել էր 4 մլրդ 182 մլն դրամ, որից ծախսվել էր 4 մլրդ 177 մլն (մոտ 10,1 մլն դոլար):
Հեռուստածրագրերի բյուջեն կազմել էր 2 մլրդ 343 մլն, ռադիոհաղորդումներինը՝ 649 մլն:
Հիշեցնենք, 2013թ. դեկտեմբերի 26-ին Կառավարությունը որոշել է սահմանափակել Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող գովազդը: Արգելքը չի վերաբերում միայն սոցիալական գովազդին եւ մարզամշակութային ծրագրերի հովանավորների մասին հայտարարություններին, բայց՝ ցուցադրման ընթացքում մեկ հովանավորից ոչ ավելի: Ցանկացած գովազդ չպետք է գերազանցի 90 վայրկյան տեւողությունը՝ մեկ ժամվա եթերի կտրվածքով:




























