Ընդլայնման եւ հարեւանության եվրոպական քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի` ԵՄ-ին անդամագրման օգտին է արտահայտվել:

Քաղաքական գործիչը նկատել է, որ Եվրամիության ընդլայնումը Արեւելյան Եվրոպայի երկրների համար փոխակերպման «հզոր գործիք» է ծառայում: Նրա համոզմամբ, եվրաինտեգրման հեռանկարը «լավագույն խթանն է` արեւելաեվրոպական երկրներում բարեփոխումների իրականացման համար», հաղորդում է Deutsche Welle-ն:

Եվրահանձնակատարը նաեւ հավելել է, որ ԵՄ անդամ-երկրների դիրքորոշմամբ, Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը երկկողմանի համագործակցության վերջնական նպատակ չի համարվում: Եվ այդ դիրքորոշումը նույնչափ Վրաստանին եւ Մոլդովային է վերաբերում:

Հիշեցնենք, որ Մոլդովան եւ Վրաստանը 2013թ. նոյեմբերի 28-ին «Արեւելյան գործընկերության»` Վիլնյուսում կազմակերպված գագաթաժողովի ընթացքում նախաստորագրել են Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը: