Իլհամ Ալիեւի նամակը չի կարող լուրջ հետեւանքներ ունենալ եւ չի տապալի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը: Այս մասին մայիսի 30-ին լրագրողներին ասել է ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

«Չեմ կարծում, թե նախագահները պարտավոր են հրապարակել միմյանց հասցեագրված նամակները: Եթե դուք ինձ նամակ գրեք, ես, ձեր կոլեգաների նկատմամբ ամենայն հարգանքով հանդերձ, դժվար թե այն ցույց տամ», - ասել է Աշոտյանը: Հարցին, թե ինչու Նազարբաեւը կարդաց այդ նամակը, եթե ոչ Բաքվին պաշտպանելու համար, նախարարը նշեց. «Անշուշտ, ձեր շրջապատում կան ծանոթ-բարեկամներ, որոնք զզվեցնում են իրենց անվերջանալի խնդիրներով: 1-2 անգամից հետո դուք հոգնում եք, բայց այնուամենայնիվ ինչ-որ բան անում եք, այլապես հարաբերություններն անդառնալիորեն կփչանան»:

Հիշեցնենք, Աստանայում ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստում Նազարբաեւը հայտնել էր Իլհամ Ալիեւի նամակի մասին, որում կոչ էր արվում Հայաստանին ԵՏՄ ընդունել իր ճանաչած սահմաններով: Դրանից հետո ՌԴ նախագահը հայտարարել էր կարճ ժամկետում բոլոր փաստաթղթերը ստորագրելու անհրաժեշտության մասին՝ փաստացի արհամարհելով Ալիեւի նամակի մասին հայտարարությունը: